Posted in Կիրառական տնտեսագիտություն

Տնտեսագիտության էությունն ու սկզբունքները

«Տնտեսագիտություն»-ը հին հունարեն բառ է և ընտանեկան տնտեսության կառավարում է նշանակում: Այսօր այն համեմատաբար լայն իմաստով է կիրառվում և արտացոլում այն ամենը, ինչ վերաբերում է երկու կամ ավելի սուբյեկտների միջև գործնական հարաբերություններին, փոխանակմանը, մասնագիտացմանը և այլ ակտիվություններին: Տնտեսագիտության էությունն առավել լավ հասկանալու համար, հարկավոր է ի մի բերել այն հիմնական գաղափարների մեծ մասը, որը ներառում է տնտեսագիտությունը՝

• Հարստություն

• Շահ, ծախս և արդյունավետություն

• Առևտուր, այսինքն՝ փոխանակում

• Աշխատանքի բաշխում

• Այլընտրանքային ծախս

• Երկրի տնտեսագիտությունն ու համախառն ներքին արդյունք

• Ինֆլյացիա (գնաճ)

Հարստություն: Մարդկանց մեծամասնությունը հարստություն լսելիս շատ փող է պատկերացնում, զբոսանավեր, ինքնաթիռներ և այլ տարբեր նյութական հարստություններ:  Տնտեսագիտության  էությունը լավ ըմբռնելու  համար անպայման պետք է համաձայնության գանք, որ հարստությունը ոչ թե իրերի մեջ է, այլ գործողությունների, և մարդն ինքն է ստեղծում այն: Պատկերացրեք՝ 1912 թվականի ապրիլի 15-ը, երբ խորտակվեց Տիտանիկը: Նավակողի վրա գտնվող մարդկանց համար այդ պահին ավելի արժեքավոր էին փրկարարական նավերն ու փրկարար օղակները, քան միասին վերցրած ամբողջ աշխարհի հարստությունը: Կամ թեկուզ պատկերացրեք Կոմբլեին, որին ձեռնտու չէր վաճառել ոչխարները, քանի որ իր և տիրոջ համար տվյալ  ոչխարները չունեին նույն գինն ու հարստությունը: Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ հարստությունը այն է, ինչ մարդիկ գնահատում են:

Հարստությունն անհրաժեշտ է բաժանել երկու մասի՝ նյութական և ոչ նյութական: Նյութական հարստությունն այն ամենն է, ինչ կարող ենք շոշափել ձեռքով, իսկ ոչ նյութական հարստությունն այն է, ինչը չենք կարող շոշափել, սակայն մարդկանց մեծամասնությունը ձգտում է ավելացնել այդ հարստության չափը: Օրինակ՝ առողջությունը ոչ նյութական հարստություն է: Կամ թեկուզ գնահատումը, որի համար երկրագնդի վրա գտնվող շատ մարդիկ  տարբեր զոհաբերությունների են գնում: Դրա վառ օրինակներից են Նոբելյան մրցանակը, «Ոսկե Գլոբուս» մրցանակը:: Տնտեսությունը՝ որպես գիտություն, ուղղված է հարստության ավելացմանը:

Շահ, ծախս և արդյունավետություն: Երբ քննարկում ենք այն, որ տնտեսությունը մեզ անհրաժեշտ է, որպեսզի ավելացնենք մեր հարստությունը, հարկավոր է ներառել այն հասկացություններն, ինչպիսիք են շահը, ծախսը և արդյունավետությունը: Մեր կատարած յուրաքանչյուր գործողություն ուի իր օգուտը, այսինքն՝ այն հարստությունը,  որը ստանում ենք այդ գործողությունից և ծախսը (այսինքն՝ այն հարստությունը, որը զիջում ենք օգուտ ստանալու նպատակով): Իսկ արդյունավետությունը չափվում է շահը ծախսի հետ հարաբերակցությամբ: Օրինակ՝ ֆուտբոլային մրցաշարի տոմսի արժեքը կազմում է 50 լարի, իսկ օգուտը, որը ստանալու ենք մրցաշարը դիտելուց՝ 60 լարի: Այդ դեպքում արդյունավետությունը կլինի 1.2: Եթե արդյունավետությունը մեկից ցածր է, ապա ձեռնտու չէ իրագործել գործողություն:

Առևտուր, այսինքն՝ փոխանակում: Երկու անձի միջև ցանկացած տեսակի փոխանակումը առևտուր է: Կամավոր առևտրի դեպքում ավելանում է երկու սուբյեկտի հարստությունը: Պատկերացրեք, որ գնում ենք բջջային հեռախոս 200 ամերիկյան դոլարով: Մենք զիջում ենք 200 դոլարը բջջային հեռախոսին, քանի որ մեզ համար հեռախոսն ավելի արժեքավոր է, քան 200 դոլարը: Դա նշանակում է, որ մեր հարստությունը ավելանում է: Նմանապես ավելանում  է նաև այն անձի հարստությունը, ումից գնում ենք իրը: Համապատասխանաբար, ցանկացած բնույթի կամավոր փոխանակումը շահավետ է երկու կողմի համար:

Աշխատանքի բաշխում:  Մարդկության զարգացումը ուղիղ կապի մեջ է աշխատանքի բաշխման հետ: Պատկերացրեք՝ 150 000  տարի առաջ Հոմո Սափիենսը, որն անձամբ ինքն էր  փորձում ստեղծել ցանկացած տեսակի հարմարավետություն,  օրինակ՝ որսի էր գնում, ձուկ էր բռնում, ուտեստներ  էր պատրաստում և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ  իրար մեջ բաշխեցին  աշխատանքը և դարձրեցին մասնագիտացում, ուղղվածություն: Հենց այստեղից է առաջ եկել գոյություն ունեցող ցանկացած մասնագիտություն: Այսօր որոշ մարդկանց մասնագիտությունը բժշկությունն է (բժիշկներ), որոշներինը՝ իրավագիտություն (իրավաբաններ, դատավորներ) և այլն:

Այլընտրանքային ծախսը այն հասկացությունն է, որի վրա ամբողջությամբ հենվում  է տնտեսական մտածողությունը: Մեր ցանկացած գործողություն ունի այլընտրանքային ծախս և այլընտրանքային օգուտ: Օրինակ՝ այս պահին, երբ կարդում եք տվյալ գիրքը,  այդ ժամանակը կարող էիք ծախսել այլ գործի վրա, որը կունենար իր օգուտը: Այն ցանկացած օգուտը, որից դուք հրաժարվել եք տվյալ գործողության համար , այլընտրանքային ծախս է: Թեև գերադասել եք գիրք կարդալը, քանի որ ակնկալում եք, որ տվյալ գործողությունն այլ գործողության հետ համեմատ ավելի արդյունավետ է: Այլընտրանքային ծախսի իմաստն առավել լավ հասկանալու համար պատկերացնենք, որ կառավարությունը երկու գյուղերի միջև կառուցել է շատ թանկ արժողությամբ ճանապարհ (մոտ 50 միլիոն դոլար):  Տվյալ ճանապարհով օրական անցնում է 3 մեքենա և  2 սայլ: Հարց է առաջանում, արդյունավե՞տ է արդյոք այդ քայլը: Հարցի պատասխանը ստանալու համար անպայման պետք է մտածենք, թե որն է տվյալ գործողության այլընտրանքային ծախսը:  Գուցե կառավարությունը կարո՞ղ էր համեմատաբար էժան ճանապարհ կառուցել 5 միլիոն դոլարով, իսկ մնացած 45 միլին դոլարը տրամադրել մյուս գյուղերի միջև ընկած ճանապարհների շինարարությանը: Կամ ընդհանրապես նվազեցներ բնակչության հարկերը և ավելի շատ գումար թողներ քաղաքացիների գրպաններում, որպեսզի նրանք իրենց հայեցողությամբ տնօրինեին խնայված գումարը: Հենց այս և այլ նման հարցերին պատասխանելու համար ենք սովորում տնտեսությունն ու նրա հետ կապված հարցերը:   

Երկրի տնտեսությունն ու համախառն ներքին արդյունքը: Որպեսզի գնահատենք, թե որքանով  հարուստ կամ որքանով աղքատ ենք տվյալ ժամանակահատվածում կամ այլ երկրների հետ համեմատած, տնտեսագետները մի քանի մեթոդ են կիրառում:  Ամենատարածված հասկացությունը, որն արտացոլում է երկրի զարգացման մակարդակը համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ):

ՀՆԱ-ն որոշակի ժամանակահատվածում երկրի ներսում արտադրված արտադրանքի և ծառայության վերջնական արժեքների ընդհանուր գումարն է: Պատկերացրեք A երկիր, որտեղ ապրում են երկու անձ  և արտադրում 2 ապրանք՝ համբուրգեր և հոթ-դոգ: A երկրում տարվա ընթացքում արտադրվում է 10 համբուրգեր, յուրաքանչյուրը՝ 2 դոլար և 10 հոթ-դոգ յուրաքանչյուրը՝ 1 դոլար: A երկրի ՀՆԱ-ն կլինի 10 X 2 + 10 X 1 = 30 դոլար: Իրականում ունենք ապրանքի բազմաթիվ տեսականի մեծ քանակությամբ և այդ ապրանքն ու ծառայությունն արտադրող բազմաթիվ անձինք: Օրինակ՝ Վրաստանի համախառն ներքին արդյունքը 2016 թվականին կազմում էր մոտավորապես  14  միլիարդ դոլար: Ամերիկայի Միցյալ Նահանգների տնտեսությունը՝ 18.6 տրիլիոն դոլար: Այս թիվը Վրաստանի տնտեսությունից ավել է մոտ  1 300 անգամ, սակայն Միացյալ Նահանգների բնակչությունը 2016 թվականին կազմում էր 322 միլիոն մարդ, իսկ Վրաստանի բնակչությունը՝ 3.7 միլիոն:

Վրաստանում, ԱՄՆ-ում կամ այլ երկրում բնակվող մեկ մարդու միջին կենսամակարդակն իմանալու համար հարկավոր է հաշվել ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով: Դրա համար ՀՆԱ-ն պետք է բաժանենք բնակչության քանակի վրա: Համապատասխանաբար, Վրաստանում  կենսամակարդակը մեկ բնակչի հաշվով կազմում է մոտավորապես  3,800 դոլար, իսկ ԱՄՆ-ում նույն ցուցանիշը մոտ 57,800 դոլար է:  Հենց Համախառն ներքին արդյունքին են ամենից շատ հետևում տնտեսագետներն ու քաղաքական գործիչները, քանզի որքան շատ է ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, այնքան ավելի զարգացած է համարվում երկիրը:

Ինֆլյացիա (գնաճ): Մեզանից յուրաքանչյուրը, հավանաբար, հաճախ է լսել ինֆլյացիա բառը: Այդ բառի ամենաստույգ սահմանումն է փողի արժեզրկումը, որն արտահայտվում է գների համընդհանուր աճմամբխ Պատկերացրեք, որ Վրաստանում սովորական թոնրի հացը ընդամենը 10 տարի առաջ արժեր մոտ 50 թեթրի: Այսօր  այն արժի մոտ 1 լարի: Ինչո՞վ է պայմանավորված հացի գնի գրեթե 100%-ով աճը:Գների աճն առաջանում է բազմաթիվ գործոնների պատճառով, սակայն երբ խոսում ենք ինֆլյացիայից, պատասխանը մեկն է՝ փողի զանգվածի աճը երկրում ինֆլյացիա է առաջացնում: Ինֆլյացիային  ավելի մանրամասնորեն կանդրադառնանք հաջորդ գլուխներում: