Posted in Մասնագիտական փաթեթներ

Աշնանային Արատես

Նախագծի Կանգառների մասին

Արենի Սելեվատար

Սելավապահ՝ սելավապաշտպան կառույց, որի շնորհիվ կանխարգելվում կամ նվազեցվում էին տեղի գյուղերին սելավների հասցրած վնասները: Հայաստանում 1970-1980-ականներին սելավները լուրջ վտանգներ կարող էին առաջացնել: Ավելի քան 200 բնակավայր կանգնած էր նման վտանգի առաջ, իսկ գլխավոր տրանսպորտային ուղիներում բացահայտվել էին 600-ից ավելի սելավավտանգ տեղամասեր։

Սելավները լեռնային գետերում առաջացող, քայքայիչ, ցեխաքարային զանգվածահոսքեր են, որոնք ունեն շատ մեծ արագություն՝ 10մ/վ և ավելի: Հայաստանում այդ տարիներին մշակվում էին տարբեր արդյունավետ միջոցներ՝ հողային և բուսածածկույթի ամրացումներ, գետահուների կանոնավորումներ, որպեսզի հնարավորինս նվազացնեն սելավների հասցրած վնասները: Ահա այդ նպատակով է Արենիում կառուցվել Սելավապահ կոչվող կառույցը, որն այսօր դարձել է շատերի հետաքրքրության առարկան: Այն համարվում է եզակի իր ինժեներական, խիտ-հյուսվածքային լուծման շնորիհվ:

 Կառույցն ունի մոտ 40 մետր բարձրություն և իրենից ներկայացնում է բետոնե-երկաթային շինություն: Սելավապահը կառուցվել է 1975-1980թթ.՝ Խորհրդային տարիներին, երբ սելավներն իրոք մեծագույն վտանգ էին ներկայացնում մոտակա գյուղերի համար: Այդ ժամանակաշրջանում Սելավապահը պաշտպանում էր գյուղերը հորդառատ անձրևներից, ձնհալներից, ապարային հոսքերից, իսկ այսօր համարվում է Արենիում այն վայրերից մեկը, որը իր խորհրդավոր և առհելի տեսքով, գրավում է թե՛ տեղացի, թե՛ օտարազգի այցելուների ուշադրությունը:

Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցի

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա։

Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։

Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։

Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840 թվականի երկրաշարժից։ 1967–1972 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը։

Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։

Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկի» հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական՝ ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։

Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը՝ հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները։

Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են։

Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, իսկ շուրջը՝ XIV–XVII դդ խաչքարեր և տապանաքարեր։

ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋ (ՍՈՒՐ ԿԱՄՈՒՐՋ)

Ագարակաձորի կամուրջ ՝ անվանում են նաև Սուր կամուրջ, Դադալի կամուրջ, գտնվում է Եղեգնաձոր քաղաքի դիմաց` Արփա գետի վրա: Կառուցվել է 13-րդ դարում: Միակամար է, կրաշաղախ, սրբատաշ, բաց գույնի քարով շարված: Կամրջի վրա գրավոր վկայություններ չեն պահպանվել: Այն գործել է մինչև 1970-ական թվականները, որն իր հուսալիությամբ անցանելի է եղել բեռնատար ավտոմեքենաների համար: Ժամանակի ընթացքում սելավներից կամրջի կամարի կրող հիմքի քարերը խարխլվել էին, և միայն 1985-86 թթ. իրականացված ամրակայման աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պահպանել կամրջի ներկայիս տեսքը, պայմանով, որ այն այլևս նախատեսված չէր լինելու տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար:

Գողթանիկի ջրվեժ

Գողթանիկի ջրվեժը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում՝ դեպի Արատեսի վանք գնացող ճանապարհին։ Ջրվեժի բարձրությունը 12 մետր է: Հեռավորությունը Եղեգնաձոր քաղաքից 30 կմ է։ Գողթանիկը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։

Ծակ քարի կամուրջ

Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի հարավ-արևմտյան մասում և տեղադրված է Բախտակ գետակի ավազանում: Մատչելի է գյուղամիջյան կենտրոնական ճանապարհով: «Կամուրջը» ձևավորվել է տրավերտինային կոնգլոմերատների ջրային էրոզիայի արդյունքում և բաղկացած է երկու կամարներից: Մեծ կամարը, որի տակով հոսում է գետը, ունի մոտ 10 մ բացվածք և 5-6 մ լայնություն: Նրան անմիջականորեն հարում է փոքր կամարը՝ 5 մ բացվածքով և 2 մ բարձրությամբ: Վերջինիս տակ՝ գետի հին հունի մեջ նկատելի են հին ջրաղացի ավերակներ:

Սուրբ Սիոն — Հերհերի Վանք

Սուրբ Սիոն վանական համալիր, անվանում են նաև Հերհերի վանք և Հերհերի Սուրբ Սիոն անապատ, գտնվում Հայաստանի Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք, ձորերով եզերվող ոչ մեծ քարաժայռի գագաթին: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է VIII դարում: Հիմնական հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, մատուռից (եկեղեցի): Եղել է պարսպապատ, որի տարածքում պահպանվել են խցերի, օժանդակ տնտեսական շինությունների մնացորդներ, գերեզմանատուն:

Հերհերի Սուրբ Սիոն անապատ

Հերհերի Սուրբ Սիոն անապատը 8-14-րդ դարերում եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 14-րդ դարում անապատի համալիրը նորոգել է Մեթարը։ 1349 թվականին այստեղ Վահան գրիչը Ավետարան է ընդօրինակել։ Անապատի բակում և նրա շուրջը կան 8-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։

Ս. Սիոն (Հովհաննես) եկեղեցի — համալիրի հնագույն եկեղեցին է: Գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Կառուցված է կոփածո քարերով: Հատակագծային հորինվածքով ուղղանկյուն, թաղածածկ դահլիճ է`արևելքից և արևմուտքից կիսաշրջանաձև խորաններով: Կառուցման ժամանակը հայտնի չէ: Ըստ պահպանված արձանագրության նորոգվել է XIII դարում:

Ս. Աստվածածին եկեղեցի — կից է Ս. Սիոն եկեղեցուն հարավից: Միանավ, թաղակապ դահլիճ տիպի է, արևելյան կողմում երկու հավասար կիսաշրջանաձև խորաններով: Կառուցված է սրբատաշ քարերով: Ըստ պահպանված արձանագրության կառուցել է Շահռունցի իշխան Պարոն Վահրամը 1283 թ: Եկեղեցու ներքին և արտաքին պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ բազմաթիվ արձանագրություններ:

Մատուռ (եկեղեցի) — կից է Ս. Սիոն եկեղեցուն հյուսիսից: Միանավ է, կառուցված է կոփածո քարերով:

Գերեզմանատուն — գտնվում է վանքի բակում, որտեղ կան XIII-XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:

Համալիրի եկեղեցիները վթարային վիճակում են և ընդգրկված են առավել վտանգված հուշարձանների ցանկում:

Աղբյուրները՝

https://campinginarmenia.com/

https://www.armgeo.am/selavapah/

https://armtrailstour.am/news/gvoghthaniki-jrvezh

http://sevan-park.am/tcakkhari-bnakan-kamurj/

https://www.hatis.am/surb-sion/

Posted in Մասնագիտական փաթեթներ

Հետազոտական աշխատանք

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ​ 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ՝  ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԽՈՐԱՑԱԾ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ

ԹԵՄԱ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ՝ ԱՐԱՏԵՍԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

​                                                                        

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՝ ՄԱՐԻԱՄ ՍՄԲԱՏՅԱՆ, ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

​  ՂԵԿԱՎԱՐ՝  ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ՝ ԱՅՍՏԵՂ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀԻԿԱՇՐԸ

Երթուղիների փաթեթները՝

  1. Հ1
  2. Հ2
  3. Հ3