Posted in Աշխարհագրություն

Կոտայքի մարզի զբոսաշրջության գլխավոր կենտրոններ

Պրեզենտացիա

Կոտայքի մարզի և ընդհանրապես՝ Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է։ Կոտայքի մարզի բնակավայրերն ունեն Հանրապետության մասշտաբով միջինից բարձր ցուցանիշներ։ Դա պայմանավորված է նպաստավոր բնակլիմայական պայմաններով, ժողովրդական ավանդույթներով և սովորույթներով, ինչպես նաև պատմամշակութային և բնական հուշարձանների հարուստ բազմազանությամբ։ Կենտրոնական այս մարզը հատկապես հարուստ է իր բնակլիմայական պայմաններով և քաղցրահամ ջրերի մեծ պաշարներով։ Կոտայքի մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացած լինելու վառ ապացույց է այն հանգամանքը, որ հյուրանոցային համալիրների թվով այս մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուրանոցների հիմնական մասը տեղակայված է Ծաղկաձոր քաղաքում, Հանքավանում, Արզնիում, ինչպես նաև Արզականի տարածքում գտնվող Աղվերան հանգստյան գոտում։ Մարզի տարածքում են գտնվում հազարից ավելի պատմամշակութային օբյեկտներ` կրոնական կառույցներ (հիմնականում՝ եկեղեցիներ և մատուռներ), հայտնի անձանց տուն-թանգարաններ, խաչքարեր և այլն։ Կոտայքը Հայաստանի ամենաեկեղեցաշատ մարզն է։ Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի ամենաշատ այցելվող պատմամշակութային կառույցներից երկուսը՝ Գառնու տաճարը և Գեղարդի վանքը։

Անանուն լանջային էրոզիա. ՀՀ Բնության Հուշարձան

Անանուն լանջային էրոզիա, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզում, Ազատ գետի աջակողմյան ափերին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն:

Բջնի բերդ

Բջնի ամրոցը միջնադարյան կառույց է, որը գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Ամրոցի պատերը կարելի է տեսնել միայն գյուղի արևմտյան կողմից: Բջնի ամրոցը տեղակայված է ծովի մակարդակից 1,504 մետր բարձրության վրա (4,934 ֆտ): Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոց-բերդն է: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի Սբ. Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Հիմնադրման ստույգ տաեթիվը հայտնի չէ, սակայն հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Գառնու տաճար

Գառնու հեթանոսական տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել հին հայկական դիցարանի արևի աստված Արեգ-Միհրին։ Տաճարը կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են: Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Գեղարդի վանական համալիր

Կոտայքի մարզում, Երևանից ընդհամենը 40 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան Հայաստանի ձեռակերտ հուշարձաններից մեկը՝ Գեղարդի վանքը, որն իր տեսակի մեջ յուրովի է ու չկրկնվող։ Գեղարդի վանական համալիրը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, կից գավթից, ժայռափոր երկու եկեղեցիներից, ժամատուն-դամբարանից, ժայռափոր խցերից։ Համալիրը 2000 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Վանքն այդպես է անվանվել, քանի որ այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ և կոչվում է «Գեղարդասար»։ Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց «Գեղարդաձոր»: Այն անվանվել է նաև Այրիվանք (այր-քարայր), քանի որ այստեղ շատ են քարայրները, որոնք ծառայել են որպես մենակյացների խցեր։

14-րդ դարի վերջին Հայաստանը ենթարկվում է միջինասիական զորավար Լենկթեմուրի արշավանքներին։ Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ Լենկթեմուրը (1336-1405) որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ՝ գույնզգույն համազգեստներով, ամեն կողմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով՝ ետ է վերադառնում։

ԳՀՈՒԿ ԲՈԼՈՐԱՀԱՐԻ ՎԱՆՔ

Գհուկի վանքը գտնվում է Արզական գյուղից 3-4 կմ հյուսիսարևմուտք, երկու սարերի միջև ձգվող ձորի վերին մասում, խիտ անտառի մեջ: Վանական համալիրից պահպանվել է միայն կիսավեր եկեղեցին, որը թվագրվում է XIII-XIV դարերով: Այն զույգ որմնամույթերով գմբեթասրահ կառույց է: Եկեղեցին երեք կողմերից, բացի հյուսիսայինից, թաղված է հողի և քարակույտերի մեջ: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, երկու կողմերում` ավանդատներ: Բեմի շարվածքը իրականացվել է հետագայում` խաչքարերի բեկորներով: Միակ մուտքը արևմտյան կողմից է:

Եկեղեցու հյուսիսարևելյան կողմում կողք-կողքի շարված են մի քանի խաչքարերի պատվանդաններ: Շրջակայքում կան ամբողջական և կոտրված խաչքարեր:

Հուշարձանից կես կիլոմետր հյուսիսարևելք, սարալանջի վրա գտնվում է վանքի գերեզմանոցը, որտեղ նշմարվում են շինության (հավանաբար մատուռի) մնացորդներ:

Գհուկի եկեղեցին առանձնանում է չափազանց հարուստ վիմագիր արձանագրություններով, որոնք փորագրված են եկեղեցու ներսի բոլոր պատերին, որմնամույթերի կողերին, ավանդատների մուտքերի վերնամասերում, որոնց թիվը հասնում է մոտ երեք տասնյակի: Վերջիններս ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Գ. Սարգսյանը:

Գհուկի վանքը հայկական հւշարձաններից ամենաքիչ ուսումնասիրվածներից է: Մատենագիտության մեջ հուշարձանի մասին հիշատակություններ չկան, թեև ժամանակին բավական մեծ վանք է եղել, ունեցել է վանական միաբանություն:

Զորավոր եկեղեցի (Զորավան)

Զորավոր եկեղեցի կամ Սբ. Թեոդորոս կամ Ղարղավանք, կիսավեր հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Կոտայքի մարզի Զորավան գյուղից 1,5 կմ ամ՝ գյուղատեղիում։

Եկեղեցու «Զորավար» անունը կապված է սպարապետ Գրիգոր Ա Մամիկոնյանի անվան հետ։ Որոշ մատենագրական աղբյուրներում այն անվանված է Սուրբ Թեոդորոսի վանք։ Գ. Հովսեփյանը, վկայակոչելով Մատոց կաթողիկոսի կենսագրությունը, գտնում է, որ եկեղեցու անվանումը գալիս է Թեոդորոս Ստրատիլատի անունից, որին այն նվիրված է։

Զորավար եկեղեցու կառուցման ժամանակը համարվում է 7-րդ դարի երկրորդ կեսը։ Այն կառուցել է սպարապետ Գրիգոր Ա Մամիկոնյանը, երբ Հայաստանի արաբական խալիֆաթին ենթակա մասի կառավարիչն է եղել (661-685 թվականներ)։

Հովհաննես Ե Դրասխանակերտցին վկայում է, որ Զորավարը կառուցվել է Արուճի տաճարի և պալատի կառուցումից հետո։ Արուճի տաճարի կառուցման թվականներն են համարվում 661-666 թվականները։ Ըստ Վարդան վարդապետի, Արուճի տաճարը ջ Եղվարդի եկեղեցին կառուցվել են Անաստաս կաթողիկոսի (661-667 թվականներ) օրոք՝ նույն Գրիգոր Մամիկոնյանի կողմից։ Քանի որ Արուճի տաճարն ավարտվել է 666 թվականին, իսկ 667 թվականին Անաստաս կաթողիկոսի իշխանության վերջին տարին էր, հետևաբար Զորավար եկեղեցու շինարարության ավարտի ստույգ թիվը 667 թվականն է։

Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան

Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարանը տեղակայված է Հայաստանում գտնվող Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի լեռնային հատվածում։ Այն հեռու է Երևան քաղաքից մոտավորապես 60կմ։

Ծաղկաձորը մշտապես եղել է լավագույն լեռնադահուկային հանգստավայրը Հայաստանում։ Հատկապես ձմռանը զբոսաշրջիկների համար Ծաղկաձորը համարվում է ամենանախընտրելի ուղղություններից մեկը Հայաստանում։

Անկասկած, բարենպաստ եղանակային պայմանները, գեղեցիկ լեռնային բնությունը, տեսարժան վայրերը, համեղ և հյուրընկալ խոհանոցը Ծաղկաձորում, այն դարձնում են լավագույն հանգստավայր և առողջարանային գոտի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։

Ծաղկաձորի ճոպանուղի

Դահուկորդների և սնոուբորդինգի սիրահարների համար առկա է 27 կմ ճանապարհ և 6 վերելակ հյուրերին տեղափոխելու համար։ Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966 – 2819 մ բարձրության վրա։

Ճոպանուղին վերահսկվում և շահագործվում է Leitner ընկերության կողմից։

Սկզբնական շրջանում ճոպանուղին բաղկացած է եղել 3 վերելակներից, որոնք ձգվում էին լեռան ստորոտից (1969 մ) մինչև լեռան գագաթը (2819 մ), իսկ առաջին և երկրորդ վերելակները ավարտվում էին համապատասխանաբար 2234 մ և 2465 մ բարձրության վրա: Այնուհետև, 2006թ․ ավաելացվեց 4րդ վերելակը, որը ձգվում է առաջին վերելակի վերջից դեպի հակառակ բլրի գագաթը։ Այսպիսով, փաստացի ավելացվեց երկու սահուղի, երկուսն էլ ձգվող դեպի լեռան ստորոտ:

Ճոպանուղու առաջին հատվածը 4 տեղանի է, իսկ մնացածը՝ երկտեղանի։ Ներկայումս, թե ճոպանուղին, թե սահուղիները զինված են լավագույն տեխնիկայով և սարքավորումներով։

Կեչառիսի վանական համալիր

Կեչառիսի վանական համալիրը (սկզբնաղբյուրներում` Դարաչիչակի վանք, Էջառիս, Կեչառույք և այլն) գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս արևմտյան մասում: Շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության մեջ գտնվելով` ճարտարապետական լուծումներով այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր (XI-XVII դարերի):

Վանական ամալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ.` Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:

Վանքի գլխավոր` Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1003 թ. (չնայած որոշ հետազոտողներ, հենվելով հարավային պատի արձանագրության վրա, կարծում են, որ այն կառուցվել է 1033թ-ին): Վերջինս ունի երկու մուտք` արևմտյան և հարավային: Հարավային շքամուտքը աչքի է ընկնում իր առանձնակի ճոխությամբ: Եկեղեցին ամբողջովին կառուցված է սև, սրբատաշ քարից, ներսից անսյուն է: Չորս որմնասյուներ կրում են իրենց վրա կիսաբոլոր երեքական, միմյանց կից կամարներ, որոնց վրա միաժամանակ բարձրացել է գմբեթը:

Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է: XVIII դ. Կեչառիսի վանքն ամայացել և լքվել է: 1828 թ. տեղի ունեցած երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 1957-59 թթ. վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: Վանական համալիրն ամբողջությամբ վերականգնվել է ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով (1998-2001թթ.): Այն Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստն է:

Հավուց Թառ

Հավուց Թառ վանքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզումԳառնիից ոչ հեռու, Ազատ գետի ձախ ափին գտնվող լեռան գագաթին: Վաղ միջնադարում վանքը Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկն էր: Ըստ Մխիթար Այրիվանեցու, վանքի Ս.Ամենափրկիչ եկեղեցին կառուցել է իշխան Գևորգ Մարզպետունին: Այն 1013 թ. նորից վերակառուցվել է Գրիգոր Մագիստրոսի կողմից: Ս. Կարապետի մատուռը կառուցվել է 1213թ.: Վանքի բոլոր շինությունները կառուցված են կարմիր և սև տուֆից:

Վանքը լուրջ վնասվել է 1679թ. Գառնիի երկրաշարժից: 1721 թ. կաթողիկոս Աստվածատուրի նախաձեռնությամբ ժամատան ավերակների վրա սկսվեց Ս.Կարապետ եկեղեցու շինարարությունը, որը սակայն անավարտ մնաց: Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և գավթի քարերը օգտագործվեցին շինարարության ընթացքում: 18-րդ դարի սկզբում վանքային համալիրի հիմնական շինությունները պարսպապատվեցին: Վանքը մեզ է հասել կիսավեր վիճակում. քանդված են եկեղեցու գմբեթը և պատի մի մասը, ինչպես նաև վանքի տարածքում գտնվող մատուռը: Հավուց Թառ վանքի տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են յուրահատուկ խաչքարեր, որոնք աչքի են ընկնում իրենց նրբագեղությամբ: Այստեղի խաչքարներից մեկը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում որպես երկրի լավագույն 10-ը խաչքարերից մեկը:

Մաքրավանք

Հուշարձանի վաղ շրջանի կառույցները վերագրվում են X-XVII դդ.: Համալիրի հիմնական կառույցները ժամանակագրական առումով ընդգրկում են X-XIII դարերը: Իր ինքնատիպությամբ հատկապես առանձնանում է միանավ սրահով ս. Ամենափրկիչ եկեղեցին (X դար): Մաքրավանքը կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցու օրոք: Նրան են վերագրել նաև վանական համալիրի եկեղեցու նախագծի կազմումը: Եկեղեցու վիմագիր արձանագրություններից տեղեկանում ենք, որ նրա տեղում նախկինում եղած մատուռը կառուցվել է Գրիգոր Համզե Պահլավունու և նրա տիկնոջ` Շուշանիկի պատվերով: Հետագայում նրանց հաջորդած Պահլավունիները ընդլայնել և վերակառուցել են համալիրը:

Մաքրավանքը գտնվում է Հրազդան քաղաքի արևմտյան կողմում։ Հարավային կողմում տեղակայված է քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են միայն կանգուն մնացել: Ըստ ավանդության՝ բռնակալ շահերից մեկը, նվաճելով Մաքրավանքի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել: Սակայն ժողովուրդն ապստամբում է, և շահը, ընկրկելով, հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից: Եվ քանի որ եկեղեցու շուրջ համախմբած մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մաքրավանքին տալիս են նաև «Շահ ղուտուրա»՝ շահ կոտորող, շահին հաղթող անվանումը:

Նեղուցի վանք 

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանքԱրզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։


Պտղնիի տաճար

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Պտղնի գյուղում, հնագիտական ընդարձակ տարածքի կենտրոնում: Կառուցել է իշխան Մանուել Ամատունին VI դ. վերջին – VII դ. սկզբին: Ունի երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Կիսավեր տաճարից պահպանվել են հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան մասը և արևելյան գմբեթակիր կամարը: Տաճարը լուսավորվել է մեծ թվով լայն լուսամուտներով: Ուներ ճոխ ձևավորված երեք մուտքեր` հյուսիսային, հարավային և արևմտյան : Պտղնավանքը նշանավոր է իր հարուստ հարդարանքով` բուսական, երկրաչափական մոտիվներով բարձրարվեստ զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով: Եզակի են առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը` հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում, և առյուծի դեմ մենամարտող Սահակ Ամատունու քանդակը` աջ կողմում: Ուշագրավ են նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ Աստվածածնի պատկերաքանդակը` երկու կողքերին հրեշտակներով, սափորների քանդակաշարով քիվը, արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը:
Պտղնավանքի պատկերաքանդակները վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության արժեքավոր և ինքնատիպ ստեղծագործություններից են:
Տաճարի սրբատաշ քարերի վրա պահպանվել են վարպետների բազմաթիվ նշաններ:
Պտղնավանքը 1930-40–ական թվականներին պարբերաբար ենթարկվել է մասնակի վերանորոգման:

Սուրբ Կիրակի եկեղեցի

Սուրբ Կիրակի եկեղեցի, հայկական վաղ միջնադարի եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի գյուղի հյուսիս-արևմտյան կողմում, ձորամերձ սարահարթի վրա ընկած փոքր գերեզմանոցում։

Այն վերանորոգվել է երկու անգամ։ Առաջին անգամ հենախորշերի և գմբեթի կզմինդրե ծածկերը փոխարինվել են քարերով՝ 10-11-րդ դարերում։ Երկրորդ անգամ այն վերանորոգվել է 1955 թվականին։ Վերանորոգման ժամանակ բացվել է կիսով չափ հողի մեջ թաղված հուշարձանը և վերականգնվել ճակատների ավերված երեսապատումը։ Հենախորշերի ու գմբեթի ավերված տանիքը փոխարինվել է թիթեղյա ծածկով։ Ներսից այն համեմատաբար լավ է պահպանվել և ոչ մի փոփոխության ու վերանորոգման չի ենթարկվել

ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ

Երևանից ոչ հեռու, Ողջաբերդ գյուղի մոտ է գտնվում առաջին հայացքից սովորական մի կամար: Սակայն երբ հայտնվում ես այդ կամարի տակ, քո արջև բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը: Սա Չարենցի Կամարն է, որի հեղանկը հայտնի ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանն է: Կամարը նվիրված է հանճարեղ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին, ով հաճախ էր զբոսնում այս վայրերում: Կամարը գրեթե բոլոր զբոսաշրջիկների սիրված կանգառներից մեկն է, և դժվար թե գտնվի որևե մեկը, ով կարողանա չգայթակղվել և մի քանի լուսանկար չանել Արարատի ֆոնին: Ի դեպ, նշանավոր ռուս գրող Անդրեյ Բիտովը իր «Հայաստանի դասերը» գրքում նկարագրում է կամարը, որպես հարաշալի մի վայր, որը նոր շունչ և լիցքեր է փոխանցում մարդուն:

ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ

Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը:
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը (UNWTO), ամփոփելով երկու տարին մեկ անցկացվող «Vettor Giusti» լավագույն տուրիստական պաստառ մրցույթի արդյունքները, հաղթող ճանաչվեց Հայաստանը: Համաձայն մրցույթի պայմանների` ամեն երկրի կողմից մեկական պաստառ է ներկայացվում, և սովորաբար, ԶՀԿ ներկայացնող ընկերությունները կազմակերպում են ֆոտո-մրցույթ, որի ժամանակ ընտրվում է լավագույն նկարը` արդեն «Vettor Giusti» միջազգային մրցույթին ներկայացնելու համար:
Օնլայն քվեարկության արդյունքում ամբողջ աշխարհն առցանց քվեարկել է, և Հայաստանի պաստառը Եվրոպայում լավագույնն է ճանաչվել:
Հայաստանի պաստառը եվրոպական տարածքում հաղթող ճանաչվելու փաստը տեղադրվելու է ՄԱԿ ԶՀԿ-ի պաշտոնական կայքում և երկու տարի շարունակ, մինչև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաջորդ նստաշրջանը: Մադրիդում ՄԱԿ ԶՀԿ-ի գլխավոր գրասենյակի նախասրահում նույնպես փակցված է լինելու:
«Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն՝ օրենքով պաշտպանված է:

Նյութի աղբյուրներ՝

Econews.am

https://www.armgeo.am/

https://onewaytour.com/

https://hushardzan.am/

https://hy.wikipedia.org/

https://alaskaresort.am/hy/

https://hatis.am/havuts-tar/

https://hushardzan.am/

https://onewaytour.com/

https://hushardzan.am/

https://www.wikiwand.com/

https://hy.wikipedia.org/wiki/

https://www.mshakuyt.com/

https://hy.wikipedia.org/wiki/